Վստահ եմ` միջին վիճակագրական հայաստանցու նյարդերին ավելի շատ ազդում են ոչ թե Փաշինյան Նիկոլն & Co-ին կամ Նավասարդ Կճոյանն, այլ նրանք, ում հետ հայաստանցին անկախ իր կամքից ստիպված է անմիջականորեն շփվել: Օրինակ` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում աշխատող պայմանական թորոսյանարմենները, ԲԿ-ների քարտուղարուհիները, Team Telecom Armenia-ի սուսաննաները և այլոք:
Սյուզաննան, Ադամը, Մարիան, Լիլիթը, էլմիրան, Լիաննան (թող ներեն ինձ բոլոր նրանք, ում անունները չեմ հիշատակում) «Ամիօ» բանկի աշխատակիցներ են` օպերատորներ: Աստված չանի նրանցից որևէ մեկի հետ առնչվեք:
Ուրեմն, «Ամիօ» բանկի «Երվանդ Քոչար» մասնաճյուղում հաճախորդին խաբել են` սխալ տեղեկություն են տրամադրել: Բանկի աշխատակցի սխալի պատճառով հաճախորդը տուժել է: Վերջինս խախտված իրավունքի վերականգնման համար զանգում է «Ամիօ» բանկ: Սյուզաննան լսում է հաճախորդին և խոստանում ընթացք տալ վերջինիս բողոքին: Անցնում են օրեր: Բանկից ձայն չկա: Հաճախորդը կրկին զանգում է բանկ: Ադամը խոստանում է լսել հաճախորդի և Սյուզաննայի հեռախոսազրույցի ձայնագրությունը և բողոքին ընթացք տալ: Անցնում են օրեր: Բանկից ձայն չկա:
Հաճախորդը զանգում է բանկ: Մարիան ոչնչից տեղյակ չէ` ասում է Սյուզաննան և Ադամն են տեղյակ, իսկ ինքը բազային չի տիրապետում: Նույն պահին հեռախոսը փոխանցում է Լիլիթին: Լիլիթն ասում է, որ հաճախորդի խնդիրը, դրական իմաստով, լուծվելու է դեկտեմբերի 19-ին: Այդ օրն անցնում է: Խնդիրը չի լուծվում:
Հաճախորդը կրկին զանգում է «Ամիօ» բանկ: Էլմիրան, փոխարենը խնդիրը հասկանա, ամեն կերպ փորձում է նույնականացնել հաճախորդին: Ասում է, որ միայն նույնականացումից հետո կարող է խնդրի մասին տեղեկանալ (՞՞՞): Ի վերջո, Էլմիրան, հաճախորդին իբր նույնականացնելու համար, վերջինիս խնդրում է գծի մեջ մնալ, մինչև նա նույն հաճախորդի հետ կապվի մեկ այլ հեռախոսահամարով: 1-2 րոպե անց Էլմիրան անջատում է հեռախոսն, իսկ մեկ այլ հեռախոսով այլևս հաճախորդի հետ չի կապվում: Հաճախորդը կրկին զանգում է «Ամիօ» բանկ: Լիաննան ասում է, որ Սյուզաննայի, Ադամի, Մարիայի, Լիլիթի և Էլմիրայի հետ «գործ չունի», բազային չի տիրապետում և խոստանում է բողոքին ընթացք տալ:
Կանցնեն օրեր: Հաճախորդը կրկին կզանգի «Ամիօ» բանկ: Պայմանական Անահիտը կամ Նատաշան կավետեն, որ որևէ առնչություն չունեն իրական Սյուզաննայի, Ադամի, Մարիայի, Լիլիթի, Էլմիրայի և Լիաննայի հետ: Եվ այս շրջապտույտն անվերջ կշարունակվի:
Հիմա, ո՞վ է ավելի շատ ազդում հայաստանցիների նյարդերի վրա` Փաշինյան Նիկո՞լը, թե՞ հավաքական «Ամիօ» բանկը:
Բացի դրանից` արդյո՞ք խաբեությունն է «Ամիօ» բանկի ռազմավարության հիմնական ուղղությունը:
Կարեն Հեքիմյան